Հուլիսի 14-ին ադրբեջանական ագրեսիան շարունակվեց Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին՝ Տավուշի մարզում: Արդյունքում, հայկական կողմը ունեցել է կորուստներ, բայց նաև հսկայական վնաս է հասցրել թշնամուն: Խորին վշտով հայտնում ենք մեր չորս զինծառայողների մահվան մասին: Այս տղաները զոհաբերել են իրենց կյանքը ի պաշտպանություն հայրենիքի, որի համար մենք հավերժ երախտապարտ ենք նրանց:
Հավերժ փառք ընկած հերոսներին
Հրետանի և դրոններ
Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի վրա՝ թիրախավորելով քաղաքացիական շինություններ, ինչպիսին է Տավուշ տեքստիլ գործարանը։ Խաղաղ բնակիչների շրջանում վիրավորներ չկան։ Հայաստանի Զինված Ուժերը պատժիչ գործողություններով պատասխանել են թշնամու գործողություններին, ոչնչացնելով հենակետերը որտեղից Ադրբեջանը հրետակոծում էր հայկական բնակավայրերը։
Razm.info-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանը հրետանի է տեղադրել առաջնագծից մոտ 10կմ հեռավորության վրա գտնվող՝ Թովուզի շրջանի Դոնդար Ղուշչու գյուղի մոտակայքում: Գյուղը հրետանային մարտկոցներով շրջապատելով՝ նրանք իրենց բնակչությունը վերածել են թիրախների, հետո բողոքում են որ ՀՀ Զինված Ուժերը կրակում են այդ ուղղությամբ: Իր քաղաքացիական բնակչության`որպես մարդկային վահան օգտագործելը ադրբեջանական կողմից միջազգային կոնվենցիաների հերթական կոպիտ խախտումն է:
Երեք օրվա մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը հաստատել է տասներկու մահ, որոնցից տասնմեկը զինվորական են, իսկ մեկը քաղաքացիական անձ: Սպանված զինծառայողներից երկուսը բարձրաստիճան սպաներ են։ Մեկը երրորդ կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Պոլադ Հաշիմովն է իսկ մյուսը երրորդ կորպուսի հրետանու պետ Իլկար Միրզեևը:
ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 14-ի ճեպազրույցի ընթացքում հաստատեց որ Հայաստանը խոցել է մոտ տաս անօդաչու թռչող սարք: Դրանցից ամենանշանակալիցը Elbit Hermes 900 իսրայելական արտադրության ԱԹՍ է, որն արժե մոտ երեսուն միլիոն դոլար: Ըստ ամենայնի, պատմության մեջ առաջին անգամ է այս ԱԹՍ-ն խոցվել աշխարհի որևէ բանակի կողմից։
Հուլիսի 14-ին ուշ երեկոյան, սոցիալական ցանցերում Բաքվում տեղի ունեցող զանգվածային ցույցերի տեսանյութեր սկսեցին շրջանառվել որտեղ ցուցարարները Հայաստանի դեմ պատերազմ հայտարարելու կոչեր էին անում և պահանջում էին պաշտպանության նախարար Զաքիրի Հասանովի և գլխավոր շտաբի պետ Սադիգովի հրաժարականը: Բողոքի ալիքը ընդգծում է Ադրբեջանում տիրող ներքաղաքական անորոշությունը։ Հաշվի առնելով համավարակից առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները, նավթամթերքից գոյացող եկամուտների անկումը, ու Հայաստանի դեմ ձեռնարկած ռազմական գործողությունների ձախողումը, հնարավոր է մոտ ապագայով ականատես լինենք Ալիև կլանի կողմից կատարած պաշտոնանկություններ որպես հանրությանը հանգստացնելու միջոց։